Նշաններ և հետևանքներ

Սեռական բռնության հիմնական նշաններն ու հետևանքները վերոգրյալներն են, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել և անհրաժեշտության դեպքում  դիմել նաև համապատասխան մասնագետների, ծառայությունների.

  • Հոգեբանական հետևանքներ՝ բարկության, մեղքի, ամոթի, վախի զգացում, թերարժեքության զգացում, կպչուն հիշողություններ, մղձավանջային երազներ, ուշադրության  կենտրոնացման դժվարություններ, հույզերի ոչ համապատասխանություն իրավիճակին, հետտրավմատիկ սթրեսային խանգարում,  մաշկային ալերգիկ ցան, ճնշման տատանումներ, շնչարգելություն, փսխոց,  գիշերային մղձավանջներ, քնի և ուտելու խանգարումներ, դեպրեսիա, տրամադրության կտրուկ փոփոխություններ, մեկուսացում
  • Ֆիզիկական հետևանքներ՝ սեռական օրգանների վնասվածքներ, կոտրվածքներ, կապտուկներ, արտազատումներ կամ արյունահոսություն հեշտոցից/հետանցքից, հեշտոցի/հետանցքի ցավ, քոր կամ այտուցվածություն, ցավով ուղեկցվող միզարտադրություն կամ արտաթորանք,  հետքեր կամ վնասվածքներ   կրծքերին, հետույքին, որովայնի ներքին հատվածներում, կոնքերի ներքին մակերեսին:
  • Վերարտադրողական առողջության և սեռականության խնդիրներ՝  ֆրիգիդությունը (սեռական ցանկության բացակայություն/անկում), սեռական ցանկության ակտիվացում, վագինիզմ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, հաճախամիզություն:
  • Վարքային խնդիրներ՝ ագրեսիվության բարձր մակարդակ, դաժանություն, թմրանյութերի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, ուտելու հետ կապված խնդիրներ, ինքնավնասման կամ ինքնասպանության փորձեր, անկանոն սեռական հարաբերություններ:

Անչափահասների դեպքում վերը նշված նշաններից և հետևանքներից զատ, կարող են դիտվել նաև  հետևյալ ցուցիչները.

  • Անչափահասի տարիքին ոչ բնորոշ գիտելիքներ սեռականության վերաբերյալ կամ անսովոր ուշադրություն մեծահասակաների սեռական հարաբերությունների նկատմամբ
  • Տարիքին ոչ բնորոշ հետաքրքրություն այլ մարդկանց սեռական օրգանների հանդեպ
  • Ռեգրեսիվ վարք (օրինակ` գիշերամիզություն)

Հարկ է նշել, որ սեռական բռնության նշանները բազմազան են և բացի վերոգրյալներից, սեռական բռնության ենթարկված անձի մոտ կարող են դիտվել նաև այլ անհատական նշաններ, որոնք նշված չեն: