Իրազեկում

ՍԲՃԿ իր գործունեության ամբողջ ընթացքում առաջնային է համարում սեռական բռնության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման բարձրացումը: Այս ուղղությամբ ՍԲՃԿ-ն իրականցնում է հետևյալ իրազեկման միջոցառումները՝

  1. Դասընթաց-հանդիպումներ հասարակության տարբեր խմբերի համար:

Որպես թիրախ հիմնականում ընտրվում են երիտասարդ կանայք, քանի որ միջազգային և ՀՀ փորձառությունից երևում է, որ առավել հաճախ սեռական բռնության ենթարկվում են անչափահասներն ու 20-35 տարեկան կանայք:

Վերոնշյալ հանդիպումները իրականցվում են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում: Այս հանդիպումները ներառում են ներածական ինֆորմացիա սեռական բռնության, տեսակների, հետևանքների վերաբերյալ: Տրամադրվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես պետք է վարվել սեռական բռնության վտանգի առկայության դեպքում: Տրամադրվում է տեղեկատվություն ՀՀ-ում առկա ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև իրավական ընթացակարգերի, որոնցով պետք է անցնեն սեռական բռնության ենթարկված անձինք իրավապահ մարմիններին դիմելու դեպքում:   

  1. Վերապատրաստումներ հիմնախնդրի հետ առնչվող մասնագետների համար:

Իրականացվում են դասընթացներ հոգեբանների, սոցիալական աշխատողների, ոստիկանության աշխատակիցների և այլ մասնագետների հետ: Դասընթացները նպատակ ունեն այս մասնագետներին տրամադրելու սեռական բռնության վերաբերյալ ընդհանուր ինֆորմացիա, սակայն շատ ավելի կարևորելով ինֆորմացիան այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սեռական բռնությունը, ինչպիսի հոգեվիճակում կարող են լինել սեռական բռնության ենթարակված անձիք /հոգեբանական տրավմա, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ և այլն/:

  1. Կանխարգելիչ դասընթացներ:

Այս դասընթացները իրականացվում են ծնողների և 6-18 տարեկան երեխաների հետ: Սեռական բռնության կանխարգելման համար կարևոր է խոսել մարմնի անձեռնմխելիության, մարմնի սահմանների, թույլատրելի և անթույլատրելի հպումների մասին: Ծնողների հետ իրականցվող հանդիպումների ժամանակ ներկայացվում է մարմնի անձեռնմխելիության վերաբերյալ երեխաների հետ խոսելու անհրաժեշտությունը, տրամադրվում են հմտություններ տարբեր տարիքի երեխաների հետ խոսելու համար, ներկայացվում են ՀՀ-ում տարածված սեռական բռնության տեսակները: Երեխաների հետ իրականցվող դասընթացների համար ՍԲՃԿ-ն ունի մշակված դասընթացներ՝ ըստ տարիքային առանձնահատկությունների: