ՄԵՐ ՄԱՍԻՆ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ-ն ֆեմինիստական կազմակերպություն է, որի նպատակն է կանխարգելել սեռական բռնությունը և պայքարել Հայաստանում սեքսիզմի դեմ։

ՍԲՃԿ-ն իր գործունեությունը սկսել է 2008թ․-ին՝ սեռական բռնության ենթարկված անձանց համար թեժ գծի ծառայություն հիմնադրելով։ Որպես ՀԿ ՍԲՃԿ-ն գրանցվել է 2009թ․-ին։ Այսօրվա դրությամբ ՍԲՃԿ-ն Հայաստանի Հանրապետությունում միակ կազմակերպությունն է, որն աջակցում է սեռական բռնության ենթարկված անձանց։ 2010թ․-ից սկսած ՍԲՃԿ-ն սկսել է աշխատել նաև Հայաստանում սեռական բռնության ենթարկված երեխաների հետ։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն աշխատում է երեք հիմնական ուղղություններով։

Առաջին ուղղությունը մասնագիտացված սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աջակցության դրամադրումն է սեռական բռնության ենթարկված անձանց։ 24/7 ժամյա թեժ գծի (+37477991280) միջոցով աջակցության տրամադրումը կազմում է սոցիալական ծառայությունների մի մասը։

ՍԲՃԿ հաջորդ երկու ուղղություններն են շահերի պաշտպանությունը և իրազեկվածության բարձրացումը, որոնք նպատակ ունեն հիմնադրելու զոհակենտրոն և գենդերազգայուն մոտեցումներ Հայաստանի դատական համակարգերում, ինչպես նաև բարելավելու ՀՀ օրենսդրությունը, որը առնչվում է սեռական բռնության ենթարկվածների հիմնախնդիրներին։

2011թ․-ից մինչև 2013թ․-ը ՍԲՃԿ թիմը աշխատել է ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի հոդվածների /138-142 հոդվածներ/ փոփոխությունների և լրացումների նախագծի մշակման վրա, որն ընդունվեց 2013թ.-ի դեկտեմբերի 21-ին։

2022թ․-ից սկսած ՍԲՃԿ մեկնարկել է տարբեր վայրերում, օրինակ, տանը, աշխատավայրում, փողոցում և այլուր, տեղի ունեցող սեռական ոտնձգությունների արձագանքման թեժ գծի (+37494941280) ծառայությունը։