Սառաֆան
Ես աշխատում էի որպես մատուցող պիցցայանոցում, որի աշխատանքը ավարտվում էր ժամը 11-ին։ Աշխատանքի ավարտից հետո տուն գնալու համար ավտոբուսով էի գնում, որը միշտ մարդաշատ էր։
Այդ օրը համընկել էր “Սասնա ծռերի” ակցիայի հետ, երբ մարդիկ, փողոցները փակելով, քայլում էին դեպի Խորենացի փողոց։ Փողոցները մարդաշատ էին, բոլորը ոգևորված էին։ Աշխատակիցներով որոշեցինք միանալ շարժմանը։ Այդ օրը հագել էի երկար “սառաֆան”, որը շատ բարակ կտորից էր, ուներ մի փոքր լայն բացվածք կրծքերի շրջանում, բայց ոչ չափից դուրս։ Քայլելուց, ակցիան ավարտելուց հետո, որն արդեն կեսգիշերն անց էր, նստեցի ավտոբուս, հոգնած կանգնած էի տրանսպորտի մեջ ու անհամբեր սպասում էի, թե երբ եմ տեղ հասնելու։
Հանկարծ զգացի, որ մարմնիս վրայով ինչ-որ ձեռք ա սահում, ինձ թվաց, որ պարզապես մեկն ա, ով անցնում ա կողքովս ու միտումնավոր չի դիպչում ինձ։ Մի փոքր շարժվեցի տեղիցս ու զգացի, որ ինչ-որ մեկը ամուր բռնել է հետույքս ու շոյում է։
Վախից քարացա տեղումս։ Ամուր սեղմել էի բռունցքս ու քարացել տեղումս, չէի կարողանում շարժվել։ Շարժվեցի տեղիցս մի փոքր՝ հույսով, որ նա կսթափվի, բայց իմ շարժվելուց հետո ավելի ամուր սեղմեց ձեռքը։ Ես զգում էի նրա շնչառությունը, որը գնալով ավելի արագանում էր, զգում էի, թե ոնց ա սիրտս թուլանում զզվանքից։
Հոգնեցի տեղումս կանգնելուց, որոշեցի տեղիցս շարժվել ու գոռգռալ, ճչալ։ Գլուխս թեքեցի ու նույն պահին, ավտոբուսի մյուս ծայրին կանգնած տեսա իմ ծանոթներից մեկին, ում տարիներ առաջ էի տեսել ու անգամ զարմացա, թե ոնց ճանաչեցի։ Իրականում վախեցա, որ եթե աղմուկ բարձրացնեմ, ինքը ինձ կնկատի, կճանաչի ու կպատմի մեր ծանոթներին, ովքեր բնակվում են մեծամասամբ հենց մարզում, որտեղից որ ես եկել եմ ու դա ինձ խայտառակ անելու համար կանի, քանի որ առանձնապես լավ վերաբերմունք չենք ունեցել միմյանց հանդեպ։
Պարզապես լռեցի, շունչս պահեցի, ականջներումս աղմուկ սկսվեց մինչև որ էդ անասունը իջավ ավտոբուսից։Մենակ իջնելուց հետո ես հասկացա, որ էդ ընդամենը մի կանգառ ա տևել, բայց իմ համար ուղղակի ժամանակը կանգնել էր։
Էդ ամեն ինչից մնացել ա մենակ զզվանքի զգացողությունը, պարզապես լռել եմ, մի քանի օր վերապրելուց հետո պարզապես մոռացել եմ, կարծես նման բան տեղի չի էլ ունեցել, բայց էդ մի քանի օրը մենակ զզվանք եմ զգացել․ չէի կարողանում հայելու մեջ նայել։ Էդ հագուստը այլևս երբեք չեմ էլ հագել, բայց մինչև հիմա պահում եմ ու անգամ եթե տան մեջ եմ շոգին հագնում, ինձ տգեղ եմ զգում անսահման ու վուլգար։
Ինձ թվում էր տարիներ անց կկարողանամ ինձ էլ պաշտպանել, ուրիշին էլ նման բանից, բայց մի անգամ երբ նկատեցի, որ կողքիս աղջկա նկատմամբ նմանատիպ մի բան էր կատարվում՝ քարացա․ մտքումս գոռում էի, հրում էի, քաշում էի էդ անասունին, բայց իրականում մենակ կարողացել եմ մի քիչ կողք քաշվել, որ աղջիկը կարողանա տեղը փոխել ու վերջ։
Էդ դեպքից անցել են տարիներ, բայց մինչև հիմա անտանելի վախ ունեմ տրանսպորտում հայտնվելուց, միշտ տագնապային եմ, տրանսպորոտւմ եղած ժամանակ գոնե մի հայացքով անցնում եմ բոլոր եղածների ու նոր բարձրացողների վրայով երևի պոտենցիալ բռնարար գտնելու կամ բռնարարք նկատելու համար, ու դա ուղղակի չի անցնում։
Ուղարկեք ձեր պատմությունը