Մանիպուլյացիա
Մի անգամ իմ անմիջական ղեկավարի փոխարեն եկավ նրա ղեկավարը, ով մի փոքր ինձ դիտարկելուց հետո ասեց, որ ես իր հետ կարող եմ աշխատել և որ ինքը ինձ շատ բան կարող է սովորեցնել, ես էլ իմ հերթին իրեն կօգնեմ: Ես իհարկե չառարկեցի, որովհետև նման հնարավորությունից պետք էր օգտվել:
Միակ բանը, որ իրեն նկարագրելուց ուզում եմ ասել, դա նա է, որ ինքը շատ էր խոսում, անընդհատ: Էս ամեն ինչը տևել է մոտ մեկ ամիս ու էս ամբողջ ընթացքում միակ բանը, որ ինքը արել է՝ խոսել է, անընդհատ, խոսել է էն մասին, որ ստեղ աղջիկների համար շատ բարդ ա, որ ես չեմ կարող էս մրցակցության պայմաններում, բայց իրար հետ մենք լավ աշխատում ենք և այլն, և այլն:
Մի անգամ ինձ տուն տանելուց մեքենան կանգնացրեց ճանապարհի մեջտեղում, չեմ հիշում ինչ էինք խոսում, ու ասեց բա որ հիմա ես համբուրեմ, ինչ կանես, ասեցի ոչ կչռփեմ ու քմծիծաղով նայում էի վրան: Հումորի տվեցինք, անցանք գնացին: Մի քանի օր հետո ինձ ճանապարհելուց նորից մեքենան կանգնացրեց, նայեց վրես ու մոտեցավ, որ համբուրի, չգիտեմ ինչ էղավ, բայց ես համբուրեցի իրան, չնայած ավելի ուշ հասկացա, որ արեցի դա ի միջիայլոց, առանց երկար֊բարակ մտածելու: Քանի որ ճանապարհի վրա էինք կանգնած մեքենայով, ասեցի կարողա՞ ուրիշ տեղ գնանք, նկատի ունենալով ինչ֊որ ավելի թաքուն հատված, մարդկանց աչքից հեռու, որ չտեսնեն մեքենայի մեջ համբուրվող մեզ: Ինքը սկսեց քշել ու շատ արագ հասանք ինչ֊որ գառաժներով մի տեղ, որը պարզվեց որ հյուրանոց է: Արդեն հասկացա ինձնից ինչ է ուզում ու միակ բանը, որ ես մտածում էի, որ ես հիմա իրա մեքենայի մեջ եմ, ես նոր համբուրեցի իրեն ու հիմա էլ հետ քայլի տեղ չունեմ: Մտածում էի, որ եթե հիմա ասեմ չէ, էդ ինձ է վնասելու: Հետը գնացի հյուրանոց, իմ կյանքի առաջին հյուրանոցը /ծիծաղում է/, բայց վստահ էի, որ եթե ստոպ տամ, ամեն ինչ կավարտվի: Արդյունքում տեղի ունեցավ էն, ինչ էղավ: Կյանքում էդքան առանց էմոցիայի չեմ էղել ու միակ միտքը, որ ունեի էն էր, որ «արագ արա, պրծնենք, գնանք»: Հետո ինձ տուն տարավ:
Հաջորդ օրը էկավ, հանձնարարություն տվեց օֆիսում ու գնաց: Տվեց շատ բարդ մի աշխատանք, որը ես մենակ հաստատ չէի կարող լավ որակով անել, դաժը էրեխեքից մեկն ասեց. «էդ ինչով ես ջղայնացրել, որ տենց պատժում ա քեզ»:
Ինձ էլի տուն տարավ, ու հաջորդ օրը, երբ գնացի աշխատանքի, ինքը չկար, կար իմ նախկին ղեկավարը: Ավելի ուշ էկավ ինքը ու ասեց, որ իմ համար նոր տեղ է գտել աշխատանքի:
Հասկացա, որ էն ինչ էղել էր իմ հետ էդ մանիպուլյացիա էր, էն ժամանակ, երբ մի անգամ մի ֆիլմ տեսա էն մասին, թե ոնց է գործատուն աշխատանք տալիս սեռական բնույթի ծառայությունների դիմաց, ու թե ոնց դերասաններից մեկն ասաց, որ ինքը դեմ չի եղել դա անել, բայց իրականում դեմ է եղել: Հետաքրքիրն էն է, որ ես ամենասկզբում, որ շփվում էինք, հպարտորեն ասում էի, որ ես շատ լավ հոտառություն ունեմ մանիպուլյացիայի ու որ ինձ չեն կարող մանիպուլյացիայի ենթարկել /ժպտում է/, բայց փաստորեն:
Դրանից հետո հասկացա, որ նույն բանն եմ զգացել, ու հասկացա, որ ինձնից օգտվել են ու միակ զգացողությունը որ ունեմ, էդ զզվանքն է էդ ամեն ինչի հետ կապված:
Ինչևէ, հիմա ուզում եմ կիսվեմ սրանով, որ մարդկանց ասեմ, որ ես մեղավոր չեմ, չնայած, որ հեսա դադարեցնենք խոսակցությունը էլի մտածելու եմ, որ մեղավոր եմ էղել երևի, բայց գիտեմ, որ ես ինչ֊որ խաղի մաս եմ դառել առանց հասկանալու, ու էս երևույթը մեր հասարակությունում էլ կա: Էն կարծիքը, որ եթե դու գիշերվա 11-ին սրճարանում ինչ-որ մի տղայի հետ սուրճ ես խմում, մեկ է քո մտքում ուրիշ բան կա, եթե դու անում ես մի բան, որը սովորաբար տղաներն են անում ու անընդհատ իրանց միջավայրում ես, ուրեմն մտքումդ ուրիշ բան կա, եթե կույս չես, ուրեմն միշտ պատրաստ ես սեքս անելու ու նման բաներ:
Հույս ունեմ, որ իմ պատմությունից մարդիկ կսկսեն մտածել իրենց ուղղված վերաբերմունքների մասին ու կազատվեն էդ թունավոր կապվածության զգացողությունից, որն առաջանում է մանիպուլյացիայի ընթացքում:
Ուղարկեք մեզ մեր պատմությունը