Ջութակը
Ամբողջական պատմություններն արդեն չեմ հիշում: Մենակ հիշում եմ հատվածներ, թե ոնց էին իմ մի քանի դասարանցիներ ինձ հրում, սեղմում պատին, ձեռքերով սեղմում կուրծքս, ոտքերս, մատները տանում ոտքերիս արանքը, կմճտում, իսկ մյուսները ինձ ամուր սեղմում էին, որ չդիմադրեմ: Ու այդպես շարունակ: Նմանատիպ տարբեր հատվածներ եմ հիշում: Քանի անգամ եմ ջութակս պատյանով խփել գլխներին, որ ինձ բաց թողնեն, քանի անգամ եմ կոտրել իրան ինձ պաշտպանելու համար, բայց երբեք չեմ կարողացել դա անել, դիմադրել եմ էնքան, մինչև ուղղակի լուռ մնացել եմ դրանց ձեռքերի մեջ, մինչև մի լավ ծիծաղեն, հավեսները հանեն հերթով ինձ կպնելուց ու վրես շնչելուց: Հստակ չեմ հիշում դեպքերը արդյոք ձեռքները տարել են հագուստիս տակ թե չէ, բայց հիշում եմ դեպքեր, որ փորձել են արձակեն շալվարս, քաշել են սվիտրիս վիզը, որ ավելի շատ բացվի պարանոցս, հիշում եմ, որ կար բարձրահասակ մեկը, ով վզիցս էր բռնում ու սեղմում պատին: Հիշում եմ մի անգամ դասարանցիներիս, հատկապես աղջիկների դեմքը, որ դասարանի մյուս հատվածում խեթ֊խեթ նայելով ասում էին․ «էլի սկսեցիր, ինչքան կարելի ա», իսկ էդ ընթացքում իմ չորս֊հինգ դասարանցիներ ինձ դեմ էին տվել ու քաշքշում էին:
Մի անգամ, հերթական անգամ, երբ ես կոտրեցի ջութակս դրանցից մեկի գլխին, որոշեցի, որ արդեն պետք է զանգեմ հորեղբորս տղային, արդեն իններոդ դասարան էի, ու պատմել, որովհետև արդեն չէի կարողանում, էլ չէի դիմանում էդ նվաստացումներին: Հիշում եմ ռուսերենի ժամ էր, դուրս էկա դասարանից, լացելով միջանցք դուրս էկա ու զանգեցի ախպորս, ասեցի, որ էլ չեմ դիմանում, որ ինձ նեղացնում են, ինքն էլ անհանգստացած ձայնով ասեց, որ հեսա գալիս է: Մինչև ներս կմտնեի դասարան՝ դուրս էկավ ռուսերենիս դասատուն ու ասեց, որ գործ չունեմ, եթե ես մի ախպեր ունեմ, իրանք տղաներ են ու իրանց տղայական շրջապատը ավելի մեծ կլինի, կկանչեն. «բա որ տան իրար, մի բան անեն, ոնց ես ապրելու էդ մտքով»: Համոզվեցի նրանում ինչ ասում էր ու հետ զանգեցի ախպորս ու ասեցի որ էլ չգա՝ ես եմ չափազանցրել ու ամեն բան նորմալ է: Ախպերս չէկավ, իսկ էդ ամեն ինչը մենակ խորացավ: Հասկանում էի դասարանցիներիս մեղադրանքը, երբ նայում էին ինձ թե բա էլի ես, որովհետև միշտ ասում էին, որ էդ ինձ դուր ա գալիս, որովհետև իրանք ինձ չեն նեղացնում, հակառակը ես իրանց հրահրում եմ, թե չէ ուղղակի տենց բան իրանք չէին անի: Չեմ հիշում էդ տարիներս, զզվում եմ էդ հիշողություններից, հիշում եմ ոնց էր մեջքս կպնում գաջը թափված մուգ գույնի կապույտ սառը պատին․․․
Միակ զգացողությունը, որ ժամանակի ընթացքում սկսել էի ճանաչել՝ ոչինչն էր, ոնց որ մարմարից արձան լինեի, որ աչքերի, բերանի պատկերը կա, բայց չես հասկանում բաց ա թե փակ, գլուխը թեքած, առանց թևերի․ Աֆրոդիտեի արձանի պես։ Երևի գլուխս թեքած ու անթև, անուժ սպասում էի, որ էս ամեն ինչը ավարտվի։
Պատմությունս այսքանն է, մենակ կուզեի ավելացնել, որ ցավոք ապրել եմ էդ հիմար մեղքի ու ամոթի զգացումով, չեմ պատմել ոչ մեկին, տարիներ շարունակ ինձ անզոր եմ զգացել: Միայն հիմա ինձ համար հստակ որոշել եմ, որ եթե երեխաներ ունենամ նրանց շատ ավելի ուժեղ կմեծացնեմ ու անպայման կխոսեմ «ամոթ» բաների մասին, որ իրենք իմանան, որ ես իրենց երբեք չեմ մեղադրի ու կպաշտպանեմ:
Send us your story.