Խորհուրդներ ծնողներին
Սեռական բռնությունից երեխային պաշտպանելու և սեռական բռնությունը կանխելու համար լավագույն միջոցը երեխային իր մարմնի անձեռնմխելիության և սահմանների մասին սովորեցնելն է: Սեռական բռնության կարող է ենթարկվել ցանկացած երեխա՝ անկախ սեռից և տարիքից, նրա ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից, նրա ծնողների կրթական մակարդակից, երեխան սեռական բռնության կարող է ենթարկվել ինչպես անծանոթ, այնպես էլ ծանոթ և վստահելի մարդու կողմից:
Երբ ծնողը խոսում է երեխայի հետ նրա մարմնի սահմանների, թույլատրելի և անթույլատրելի հպումների, ովքեր են այն վստահելի անձինք ում թույլատրելի է երեխային հպվել խնամքի իրականացման նպատակով, նա հասնում է երկու նպատակի. Առաջին՝ երեխան սովորում է իր մարմնի սահմանները, երկրորդ՝ երեխան հասկանում է, որ ծնողի հետ կարելի է խոսել, եթե նրա մարմնի սահմանները վտանգված լինեն:
Կարևոր է երեխայի հետ խոսել մարմնի 4 վտանգավոր հատվածների մասին՝ բերան, կուրծք, հետանցք և սեռական օրգան: Պետք է բացատրել երեխային, որ ոչ ոք իրավունք չունի դիպչի իր մարմնի այս 4 հատվածներին, և երեխան նույնպես չպետք է դիպչի դիմացինի մարմնի այս հատվածներին: Խոսելիս մարմնի մասին, պետք է երեխային բացատրել նաև «թույլատրելի» բացառությունները. երբ, ինչպիսի պայմաններում և ով կարող է դիպչել երեխայի մարմնի այս 4 հատվածներին, օրինակ ծնողը, երբ երեխայի լողացնում է, կոնկրետ՝ մայրը, հայրը, տատիկը, թվել այն մարդկանց ովքեր իրոք կատարում են խնամքի այս գործողություները, կարող է բժիշկը դիպչել, եթե երեխան առողջական խնդիրներ ունի մարմնի այս հատվածների կամ օրգանների հետ կապված, որոնց մասին ծնողը պետք է նախապես խոսի երեխայի հետ և այլն:
Հաճախ, երեխան չի պատմում իր հետ կատարված սեռական բռնության մասին և դա ունի իր պատճառները․
- Նա չի տարբերում սեռական բռնության նշանները: Երեխաների հետ կատարվող սեռական բռնությունը հիմնականում լինում է ծանոթ մարդկանց կողմից, ովքեր ճանաչում են երեխայի ընտանիքի անդամներին, ընտանիքի սովորույթները, իրազեկվածությունը մարմնի անձեռնմխելիության մասին: Սեռական բռնությունը կարող է իրականցվել խաղերի միջոցով, որպեսզի երեխան չկարողանա տարբերել սեռական բռնության նշանները:
- Սեռականության մասին խոսելու «ամոթը»: Այսօր ՀՀ-ում սեռականության մասին շատ ծնողներ չեն խոսում երեխաների հետ և եթե երեխայի հետ կատարվում է անգամ սեռական բռնության նման բացասական երևույթ, նա ամաչում է խոսել այդ մասին ծնողի հետ, կամ ուղղակի չգիտի ինչպես խոսել:
- Հաճախ բռնարարին հայտնի են երեխայի վախերը: Վախերի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, բայց երբեմն դրանք առաջացնում են ծնողները և օգտագործում որպես պատժամիջոց: Բռնարարը նույնպես կարող է իմանալ և օգտագործել երեխայի վախերը: Հաճախ նրանք օգտագործում են նաև տարբեր սպառնալիքներ՝ օրինակ, սպառնում են վնասել կամ նույնը անել նաև ընտանիքի այլ երեխաներին:
Երեխային պետք է անընդհատ ասել, որ ծնողները ամեն դեպքում վստահում են իրենց, հավատում են իրենց պատմությանը և միշտ կփորձեն օգնել ու պաշտպանել իրեն: Երբեմն մեզ թվում է, թե երեխան գիտի դա, քանի որ մենք՝ որպես ծնողներ, շատ բան ենք անում նրանց համար, բայց դա բառերով ամրապնդելը շատ կարևոր է:
Եթե երեխան որոշի խոսել սեռական բռնության մասին, ծնողը պետք է հիշի մի քանի կարևոր կետ՝
- Լսիր նրան հանգիստ և համբերատար, առանց քննադատության, խուսափիր խուճապ, անհանգստություն կամ զայրույթ ցուցաբերելուց:
- Օգնիր նրան պատմել կատարվածը, բայց մի ընդհատիր նրան հարցերով կամ եզրահանգումներով: Վստահեցրու երեխային, որ հավատում ես, որ նա մեղավոր չէ բռնության համար և որ դու կօգնես իրեն:
- Վստահեցրու երեխային, որ սիրում ես նրան, որ ինքը կարևոր է քեզ համար և որ քո զգացմունքները անփոփոխ են:
- Վստահեցրու երեխային, որ նա մեղավոր չէ իր հետ կատարված սեռական բռնության համար:
- Համոզված եղիր, որ երեխան անվտանգ է. հաճախ երեխաները ենթարկվում են սեռական բռնության մտերիմ կամ ծանոթ անձանց կողմից, ովքեր երեխայի շփման նեղ շրջանակում են:
- Իրավապահ համակարգին դիմելուց առաջ խոսիր երեխայի հետ գործընթացի մասին, որպեսզի նա պատրաստված լինի, եթե անգամ իրականում չի պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում:
- Իրավապահ համակարգին դիմելուց առաջ խոսիր երեխայի հետ գործընթացի մասին, որպեսզի նա պատրաստված լինի, եթե անգամ իրականում չի պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում:
- Դիմիր օգնության մասնագիտացված կառույց, որտեղ երեխային և քեզ կտրամադրեն տեղեկատվություն իրավապահ համակարգին դիմելու գործընթացի վերաբերյալ, աջակցություն, ինչպես նաև կսովորեցնեն երեխային աջակցել՝ առանց վնասելու նրան:
Ուղարկեք ձեր պատմությունը