Select Page

Առողջ հարաբերություններ

Հարաբերությունները մարդու ապրելակերպի մաս են և ունեն կարևոր դեր ու նշանակություն։ Յուրաքանչյուր ոք ցանկանում է հարաբերություններում իրեն լավ ու հարմարավետ զգալ: Առողջ հարաբերությունները նպաստում են անձի ինքնագնահատականի բարձրացմանը: Առողջ հարաբերություններ ունենալու կարևոր քայլերից են երկու կողմերի սպասելիքների հստակեցումն ու դրանց համապատասխանեցումը, կարևոր սկզբունքներից է կողմերի պատրաստակամությունը միմյանց լսելու և սեփական մտահոգություններով կիսվելու: Նման հարաբերություններում կողմերի հաղորդակցությունը հիմնված է վստահության և անկեղծության (ազնվության) վրա:

Առողջ հարաբերություններում դու սովորում ես հարգել և վստահել քո կյանքում կարևոր մարդկանց: Իհարկե, անհամաձայնություններն անխուսափելի են: Նման դեպքերում պետք է հանգստություն պահպանել, որը հեշտացնում է հարցի լուծման ճանապարհների ընտրությունը: Տարաձայնությունները հարթելը նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը:

Յուրաքանչյուր անձ առանձնահատուկ է․ առողջ հարաբերություն կառուցելու համար չկա մեկ հստակ ճանապարհ, բայց կան մի շարք սկզբունքներ, որոնք կարևոր է հաշվի առնել.

  • հարգել դիմացինի անհատականությունը, ընդունել ձեր տարբերություններն ու թույլ տալ դիմացինին լինել ինքնատիպ,
  • Ապահովել բաց հաղորդակցության և փոխադարձ վստահության անկեղծ միջավայր, որը կտա հնարավորություն քննարկելու մտահոգությունները, արտահայտելու տարբեր կարծիքներ և հավասարապես գնալու փոխզիջումների,
  • Խոսել միմյանց զգացմունքների, պահանջների ու ցանկությունների մասին,
  • Փորձել վստահել միմյանց և լինել անկախ,
  • Պատասխանատվություն կրել սեփական ես-ի համար (հարաբերություններում շատ մեծ դեր ունի պատասխանատվության զգացումը․ անձը, սակայն, չկարևորելով սեփական զգացմունքներն ու կարիքները, հաճախ իր իսկ երջանկության պատասխանատվությունը բարդում է զուգընկերոջ ուսերին),
  • Կարողանալ ճանաչել սեփական սխալներն ու ընդունել դրանք,
  • Կարողանալ ճանաչել սեփական սխալներն ու ընդունել դրանք,
  • Հարգել միմյանց կարծիքները, արժեքներն ու սահմանները,
  • Կարողանալ ճանաչել սեփական սխալներն ու ընդունել դրանք,

Անառողջ հարաբերությունները կարող են առաջացնել վախի, անհանգստության, ջղայնության և հոգնածության զգացումներ: Անառողջ հարաբերություններում առկա է անարդար հավասարակշռության բաշխում: Դու կարող ես նկատել, որ հարաբերություններում հիմնականում դու ես ներդնում և ավելի մեծ ուշադրություն ես դարձնում դիմացինին, քան նա՝ քեզ, կամ դու ճնշվածություն ես զգում, որովհետև ունես պարտավորություններ, որոնք քեզ ծանրաբեռնում են կամ ճնշում:

Առողջ հարաբերություններում առկա վստահությունն ու հարգանքը շատ կարևոր են ոչ միայն ընտանիքում, ընկերության մեջ, այլև նույնիսկ մեկ ժամադրության ընթացքում: Եթե զգում ես, որ ձեր միջև բացակայում են հաղորդակցությունն ու վստահությունը, ապա հավանաբար ոչ առողջ հարաբերությունների մեջ ես: Կարևոր է նման հարաբերությունները քննարկել մասնագետի հետ, որը կօգնի հասկանալ ինչպես դարձնել դրանք առողջ, կամ արդյոք արժե շարունակել դրանք, թե ոչ․ հնարավոր է՝ նման որոշման համար անհրաժեշտ լինի որոշ ժամանակ:

Առողջ հարաբերություններ կառուցելը պահանջում է մշտական աշխատանք այդ ուղղությամբ․ ցանկացած հարաբերության պարագայում՝ աշխատանքային, ընկերական, ընտանեկան, սիրային, անհրաժեշտ են ժամանակ և ջանքեր:

Առողջ սիրային հարաբերությունները թույլ են տալիս, անգամ խրախուսում են պահպանել հարաբերություններն ընկերների և բարեկամների հետ: Կարևոր է ունենալ իրարից անկախ գործունեություններ (գործողություններ)՝ ժամանց, աշխատանք և այլն, ինչը հետաքրքրություն և թարմություն է բերում հարաբերություններ: Առողջ հարաբերություններում անձը պետք է ազատ արտահայտվելու հնարավորություն ունենա և չվախենա քննադատությունից կամ դրա հետևանքներից: Հարմարավետության, հանգստության և ապահովության զգացումը պետք է նպաստի անձի ինքնաարտահայտմանը և զերծ լինի դատողություններից, միևնույն ժամանակ ենթադրի առողջ քննադատություն, սխալների քննարկում և խորհուրդներ դրանց լուծման և շտկման համար: Հարաբերություններում պետք է հարգել միմյանց անձնական տարածքը և առանձնությունը (privacy), օրինակ՝ միայնակ մնալու պահանջը, առանձին օրագիր կամ հեռախոսային ծածկագիր ունենալը և այլն: Յուրաքանչյուր հարաբերության մեջ հնարավոր են տարաձայնություններ ու բախումներ, սակայն առողջ հարաբերություններում կոնֆլիկտները լուծվում են դրանք քննարկելու և միասին որոշումներ կայացնելու միջոցով։ Դա արվում է հանգիստ, ոչ լարված մթնոլորտում, ինչը, իհարկե, պահանջում է որոշակի հմտություններ:

Ինչպե՞ս կառուցել առողջ հարաբերություններ

Դիմացինին ճանաչելու համար նախ և առաջ ժամանակ է պետք․ փորձեք շփվել տարբեր իրավիճակներում և միջավայրերում, քննարկել միմյանց հետաքրքրությունները: Կարելի է հաճախ զրուցել հեռախոսով կամ հանդիպումներ անցկացնել հանրային վայրերում և մի քանի ընկերների ներկայությամբ: Փորձե՛ք ծրագրել հետաքրքիր, հաճելի և զվարճալի գործողություններ: Առողջ հարաբերությունների կառուցմանը կարող են նպաստել անկեղծությունը և դիմացինի կարծիքն ու նախասիրություններն ընդունելը․ օրինակ՝ կարելի է քննարկել, թե որ գործողությունները կամ վայրերը ձեզ համար հետաքրքիր չեն կամ առավել ևս տհաճ են։

Հարգանք

Հարգանքի կառուցումը հարաբերություններում աստիճանաբար է լինում: Սակայն ինչպե՞ս հասկանալ՝ կարելի է վստահել այս կամ այն մարդուն, թե ոչ: Սա բավական դժվար է, հատկապես հարաբերությունների կառուցման սկզբնական փուլում, սակայն այդ մարդու վարքը կարող է ուղենիշ ծառայել տարբեր իրավիճակներում: Հարգանքը չի կարող կառուցվել միայն մեկ կողմի ցանկությամբ կամ պատրաստակամությամբ: Այն պահանջում է փոխադարձ պարտավորություններ: Երբ ձևավորում եք հարաբերություններ, շատ կարևոր է հասկանալ. 

Ինչպե՞ս կառուցել փոխադարձ հարգանք հարաբերություններում

Հարգանքի կառուցումը հարաբերություններում աստիճանաբար է լինում: Սակայն ինչպե՞ս հասկանալ՝ կարելի է վստահել այս կամ այն մարդուն, թե ոչ: Սա բավական դժվար է, հատկապես հարաբերությունների կառուցման սկզբնական փուլում, սակայն այդ մարդու վարքը կարող է ուղենիշ ծառայել տարբեր իրավիճակներում:

 Հարգանքը չի կարող կառուցվել միայն մեկ կողմի ցանկությամբ կամ պատրաստակամությամբ: Այն պահանջում է փոխադարձ պարտավորություններ: Երբ ձևավորում եք հարաբերություններ, շատ կարևոր է հասկանալ.

  • Արդյո՞ք ընկերդ քեզ հետ է․ խոսքը և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր ներկայության մասին է: Արդյո՞ք ձեզ կապում են աջակցող հարաբերություններ, արդյո՞ք նա անհանգստանում է քո խնդիրների համար:
  • Արդյո՞ք ընկերդ ասում է այն, ինչ մտածում է, և անում այն, ինչ ասում է. արդյո՞ք նրա խոսքն ու վարքը համընկնում են:

Առցանց տիրույթ

Շատ դժվար է զանազանել հարաբերությունների բնույթը, երբ այն առցանց տիրույթում է: Նախքան առցանց հարաբերություններ սկսելը շատ կարևոր է հստակեցնել առցանց սահմանները. արդյո՞ք ընդունելի է, որ.

  • Քեզ նշեն (tag անեն),
  • Հրապարակվեն հարաբերությունների մասին տեղեկություններ,
  • Քո ընկերները դառնան նրա ընկերները,
  • Իմանաք միմյանց գաղտնաբառերը:

    Առցանց տիրույթում սահմաններ ուրվագծելիս շատ կարևոր է հաշվի առնել.

  • Գաղտնաբառերի գաղտնիությունը․ մշտապես պահպանի՛ր առցանց անվտանգությունը, անգամ եթե ձեր միջև վստահելի հարաբերություններ են:
  • Անձնական տեղեկատվական նյութերի փոխանակման ռիսկերը․ պետք է հաշվի առնել, որ թեև ձեր հարաբերություններն առողջ ու վստահելի են, այնուամենայնիվ, երբեք չես կարող համոզված լինել, թե դիմացինն ինչպես կարող է վարվել քո անձնական տեղեկությունների և գաղտնիքների հետ:

Կոնֆլիկտների հաղթահարումն առողջ հարաբերություններում
Կոնֆլիկտների առկայությունը հարաբերություններում բնականոն երևույթ է: Կոնֆլիկտ ասելով՝ հասկանում ենք վերբալ անհամաձայնություն և հակափաստարկների առաջադրում: Մարդիկ արտահայտում են իրենց անհամաձայնությունը, և դա բնական է: Կոնֆլիկտների արդյունավետ լուծումը հարաբերություններում նպաստում է առողջ հարաբերությունների ձևավորմանը: Սակայն եթե կոնֆլիկտը հաճախակի երևույթ է հարաբերություններում, դա կարող է լինել ցուցանիշ, որ հարաբերությունները խնդրահարույց են: Կոնֆլիկտների հաղթահարման տեսանկյունից շատ կարևոր է.

  • Սահմանների հստակեցումը․ անգամ կոնֆլիկտի ժամանակ շատ կարևոր է հարգալից հարաբերությունների պահպանումը, սակայն կարևոր է նաև նախնական սահմանների կառուցումը, ինչը դիմացինին թույլ կտա հասկանալ քո ակնկալիքները:
  • Իրական պատճառը գտնելը․ սովորաբար կոնֆլիկտներ լինում են, երբ ընկերներից մեկի պահանջմունքները չեն բավարարվում: Սովորի՛ր և զարգացրո՛ւ քո մեջ խոսելու կարողությունը, որը թույլ կտա բացահայտել կոնֆլիկտի իրական պատճառը:
  • «Համաձայնի՛ր, որ չհամաձայնես»․ եթե չես կարողանում լուծել խնդիրը, երբեմն ավելի արդյունավետ է ուղղակի փոխել վերաբերմունքդ տվյալ խնդրի նկատմամբ: Սակայն եթե խնդիրն իսկապես կարևոր է քեզ համար, և չես կարող մոռացության մատնել այն և համաձայնության գալ, ապա պետք է վերանայես հարաբերություններդ: 
  • Փոխզիջումները․ Փոխզիջումները․ երբեմն փոխզիջումների գնալն ավելի հեշտ է ներկայացնել, քան իրականացնել, սակայն փոխզիջումների գնալը կոնֆլիկտների հաջող լուծման գրավականն է: Շատ կարևոր է, որ երկու կողմերն էլ բավարարված զգան իրավիճակի հանգուցալուծումից:

 

ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80