Հասել էի իմ երազանքին՝ սովորում էի երաժշտական ուղղվածությամբ ուսումնական հաստատությունում, պատրաստվում էի ստեղծագործել և ապրել երջանիկ ու անհոգ:
Նա մեր ընտանիքի մտերիմ ընկեր դարձավ, երբ ես կորցրեցի հորս: Մենք ունեինք աջակցության կարիք, նա ոչ միայն աջակցում էր մորս՝ օգնելով նրան կենցաղային հարցերում, բայց նաև տալիս էր մեզ հայրական ջերմություն:
Ես վստհաում էի նրան: Նա դարձավ իմ ուսուցիչը: Ես ստանում էի նրանից գիտելիք և հայրական ջերմություն: Սակայն դա երկար չտևեց: Ինչպես ինձ համար հետագայում պարզ դարձավ, նրա աջակցությունն ու մտերմությունը ուներ իր «կեղտոտ» նպատակները: Մինչ այդ օրը ես չէի տեսնում նրա հպումներում ոչ մի խնդիր, մենք գրկվում էինք հանդիպելիս, զրուցում ժամեր շարունակ: Համոզվելով իմ և մայրիկիս վստահության վրա, համոզվելով, որ արդեն այնքան մտերիմ է դարձել և այնքան աջակցություն է ցուցաբերել, որ մայրս չի էլ հավատա, որ այդպիսի «բարի» մարդը կարող է նման բան անել․ նա արեց դա ․ ․ ․
Ես չգիտեի ինչ անել, ամբողջ ներաշխարհս տակնուվրա էր եղել: Ինչպես կարող էր նա․ չէ, որ ես սիրում էի նրան, վստահում, հիանում էի նրանով: Այդ ամենը նրան չկանգնեցրեց:
Ես ի վիճակի չէի պայքարելու․ այնքան խաբված էի զգում ինձ, հիասթափված ու հիմար, մեղադրում էի ինձ, որ կապվել էի նրա հետ, վստահում էի նրան:
Այս ամենից ես մեկ ելք էի տեսնում՝ ինքնասպան լինել: Ես հասկանում էի, որ չեմ կարողանա այդպես ապրել: Բավական երկար ժամանակ փնտրտուքների մեջ էի. չգիտեմ ինչ էի փնտրում, գուցե ինձ: Ծանր հուզական ապրումներս ազդել էին ընտանիքիս հարաբերությունների, աշխատանքային և ուսումնական հարաբերություններիս վրա: Ես դադարել էի ստեղծագործել: Հետո գտա կազմակերպություն, որն աջակցում էր սեռական բռնության ենթարկված անձանց, մի քանի անգամ հասա նրանց դռան մոտ, սակայն խիզախություն չունեցա դուռը թակելու. ․ ․ մեկ տարի և վեց ամիս տևեց վերապրմանս գործընթացը:
Այսօր ես կամ, գտել եմ ինձ, կրկին ստեղծագործում եմ, ինքս եմ դասավանդում երաժշտական դպրոցում ու երջանիկ եմ ․ ․ ․
Գուգարքի հոտը /Պատմություն II/
Երբ տուն եկա, մութ էր, նրանք պատշգամբում մոմի լույսի ներքո շախմատ էին խաղում՝ միանգամայն խաղաղ մթնոլորտում… Ես եկա՝ ցնցված, թաց և կեղտոտ: Աշխարհից օտարված: Մարդ կուզեր մոռանալ այն, ինչ քիչ առաջ տեղի էր ունեցել ինձ հետ: Ես փորձում էի արթնանալ մղձավանջից… Ես գիտեի, որ պետք է գրի առնեմ այն ամենն, ինչ հիշում եմ, քանի դեռ դրանք չեն ջնջվել հիշողությունիցս: Ինձ հետ նույն տանն ապրողը գիտեր, որ ինձ հետ մի սարսափելի բան է տեղի ունեցել, բայց ես պատրաստ չէի խոսել, ես ուզում էի նստել և շունչ առնել: Եվ ուզում էի գլխումս իրավիճակը վերականգնել ու գրի առնել, քանի դեռ ուղեղս չէր ջնջել իմ այս տրավմատիկ փորձը: Ես արդեն զգում էի ճակատիս կուտակվող ամպերը: Ու քանի որ երկինքն էլ էր ամպամած, անձրևում էր, բայց ես չէի գիտակցում անձրևը, մինչև եկա տուն և զգացի թաց հագուստս: Միայն այդ ժամանակ հիշեցի, որ ինչ-որ պահի առատ անձրև էր տեղում: Գնացի լոգարան, որ մաքրաջրեմ զգացմունքներս, մտա պալիսանդրի ծխի մեջ, որ պարզեմ մտքերս:
Հիմա գրկումս մռռում է մի սև եռոտանի կատու, որպեսզի իմանամ, որ ես դեռ երկու ոտք ու երկու ձեռք ունեմ, և կյանքը շարունակվում է… Ժպիտը մթության մեջ:
Աշխատանքից հետո շարժվելու և օդի կարիք զգացի և գնացի հեծանիվ քշելու: Սառը և թարմ օդն ինձ սթափեցրեց, և ես էներգիայով լի ու երջանիկ էի ինձ զգում: Ոնց եմ սիրում մթնշաղը, փոխակերպումը, հանդարտվելու պահը և երկար ստվերները, որոնք մեղմ ու ջերմ լույսի ներքո պատկերազարդում են լանդշաֆտը: Բայց իմ պլանավորված շրջապտույտն ընդհատվեց. ես կորցրեցի ճանապարհը: Ես բռնեցի ավելի լայն ճանապարհը՝ հույս ունենալով, որ այն ինձ կհանի Վանաձոր տանող գլխավոր ճանապարհ: Ես տեսա ցեխոտ ճանապարհը, որն ավարտվում էր խաչմերուկով: Իմ միտքն ընդդիմանում է և չի ուզում շարունակել պատմությունը: Կարծես հիշողությունումս արված ձայնագրության կրկնություն կոճակը սեղմեմ:
Ես վերադարձա Գուգարքի դպրոցի մոտ, որտեղ զինվորների նկարներ էին փակցված և մի հուշարձան կար՝ 2-րդ աշխարհամարտին նվիրված: Տղամարդկանց այդ անհանգստացնող դեմքերը տարօրինակ էին և սարսուռ էին ներշնչում: Ես հիշում եմ այդ պատկերները ժամանակի ընթացքում խամրող և մոռացվող: Ես թողեցի նրանց հայացքները հառած սարերին և հեռացա: Ես հիշում եմ, որ մտքովս անցավ վերադառնալ և նկարել նրանց: Եվ անշուշտ, մենք կրկին հանդիպեցինք, քանի որ ես հայտնվեցի այդ նույն վայրում իմ պրպտումների ընթացքում:
Ես թռնում եմ պատմության վրայով, որովհետև մտքերս փորձում են խուսափել հիշողությանս այս դրվագից, որն ուզում եմ պատմել ձեզ, ինչպես մագնիսի հակառակ կողմեր, որ վանում են իրար, երբ մոտեցնում ես:
Վերադառնալով ճանապարհ, որտեղ տներն ավելի նոսր են դասավորված, ես դեռ հույս ունեի, որ ճանապարհն ինձ գյուղից դուրս կհանի: Ես շրջվեցի ձախ, որտեղ ինչ-որ մեկը ագարակի դռնից ներս էր մտնում՝ մինչև մտնելը մի պահ կանգ առնելով: Ճանապարհը դառավ խորը և ցեխոտ արահետ, որով այլևս հնարավոր չէր առաջ ընթանալ: Ես հետ շրջվեցի և տեսա, որ Վանաձորի լույսերն ավելի հեռու էին, քան ես սպասում էի: Ես որոշեցի հետ գալ և այլ կողմ շրջվել: Իսկ լուսնի հակառակ կողմը միշտ մութ է…
Ձիերի շարքը կանգնեց առջևս, երբ ես նրանց մոտեցա: Մեծը և փոքրը: Ես շարունակեցի ճանապարհը և լսեցի ինչ-որ մեկի բղավոցը. դա տղամարդու ձայն էր, և ինձ թվաց, թե նա փորձում է հանդարտեցնել ձիերին: Ձայնը մոտենում էր, իսկ ես ցեխոտ ճանապարհով դանդաղ էի ընթանում: Հետո հասկացա, որ նա ինձ վրա էր բղավում: Ես չէի ուզում ոչ մեկի հանդիպել, ուստի ուշադրություն չդարձրի և շարունակեցի ճանապարհս: Բայց ինչ-որ մեկը բռնեց ինձ և կանգնեցրեց:
Ես սա այնքան շատ անգամներ եմ պատմել: Այն դառնում է ձանձրալի և հեռու: Ես պետք է պայքարեմ ինքս ինձ հետ սա կրկնելու համար: Ես ուզում եմ թողնել, որ այս հիշողությունը հավերժ քնի՝ Սպիտակաձյունիկի պես: Բայց ամեն օր փողոցներով քայլելիս՝ նրանք թույլ չեն տալիս քնեցնել այս հիշողությունը՝ ոտնձգությունները և անպատեհ մեկնաբանություններն այս միջադեպն ամեն անգամ ի դերև են հանում:
Նրանից ձիու հոտ էր գալիս: Նա ասաց, որ ինձ ցույց կտա ճանապարհը, ես պատասխանեցի, որ դրա կարիքը չկա, քանի որ տեսնում եմ լույսերը: Մենք դժվարությամբ էինք հաղորդակցվում, քանի որ նա միայն հայերեն էր խոսում: Ես փորձեցի հեռու գնալ, բայց նա բռնեց հեծանիվս և չթողեց, որ գնամ: Ես տեսա նրա ընչաքաղց աչքերը: Նա ինձ հեծանվից ցած քաշեց և փորձեց բռնել ինձ: Ես փախա: Բայց նա ետևից բռնեց ինձ և սեղմեց կուրծքս: Նա ինձ գցեց գետնին և փորձեց համբուրել: Ես փորձում էի նորից ոտքի կանգնել և նրան իմ վրայից մի կողմ գցել: Նա փորձեց արձակել իմ բաճկոնի կոճակները, բայց ես նրան թույլ չտվեցի: Ես սկսեցի օգնություն կանչել, բայց նա ծիծաղեց և ասաց, որ այստեղ ինձ ոչ ոք չի լսի: Այնտեղ միայն լքված տներ էին ու մի այգի: Մենք գլորվում էինք ճամփեզրին, որովհետև ես փորձում էի ազատվել նրանից: Դաստակս ազատելով նրա ճանկից՝ ես կարողացա ոտքի կանգնել: Սրտիս զարկերն արագանում էին, բայց ես հույս ունեի, որ ամեն ինչ ավարտված է, որ նա հասկացավ, որ ես նրան թույլ չեմ տալու: Նա փորձեց ինձ հանդարտեցնել և ասաց, որ վերջ, որ մենք կգնանք, և նա միայն ինձ կընկերակցի: Ես նորից ասացի, որ իր օգնության կարիքը չունեմ, բայց նա վերցրեց հեծանիվս: Ես նրանից հեռավորություն էի պահում, բայց նա բռնեց ձեռքս և սկսեց ինձ քարշ տալ: Նա շրջվեց պտղատու այգու կողմը: Ես ընդդիմանում էի՝ ասելով, որ դա սխալ ճանապարհ է: Բայց նա քաշեց ինձ: Ես փորձում էի դժվարացնել նրա համար ինձ տեղաշարժելը: Ես իմ ողջ ծանրությունը կենտրոնացրեցի այնպես, որ նա այլևս չկարողացավ քաշել մեկ ձեռքով: Նա հեծանիվը նետեց գետնին և սկսեց երկու ձեռքով ինձ քարշ տալ: Նա ինձ քաշում էր մի լքված տան ուղղությամբ: Ես փորձում էի ինձ գամել գետնին՝ իմ ողջ ծանրությունը ներքև հրելով: Բայց նա ինձ բռնեց ետևից՝ ճանկելով թևերս և ինձ ավելի մոտեցնելով շենքին: Այնտեղ նա ինձ գցեց գետնին և պառկեց ինձ վրա: Նրա շնչառությունը դողում էր հրճվանքից: Առաջ մտածում էի, թե կկարողանամ փախչել:
Բայց նա իր ողջ ուժով ինձ գետնին գցեց՝ փորձելով հագիցս հանել տաբատս: Ես նրան ետ էի հրում ոտքերովս, որոնցում կենտրոնացած էր իմ ողջ ֆիզիկական ուժը: Նա ձեռքերս սեղմում էր գետնին՝ թույլ չտալով, որ շարժվեմ: Նա պայքարում էր ինձ հետ՝ փորձելով հագիցս հանել տաբատս. մի անգամ նա հաջողացրեց, բայց ես նրան ետ գցեցի և նորից հագա տաբատս: Ես սկսեցի օգնություն կանչել: Նա ձեռքով փակեց բերանս, բայց ես կծեցի նրա ձեռքը, որ ձայնս ազատեմ: Նա բռնեց բերանս և սկսեց ինձ շնչահեղձ անել: Ես սարսափում էի մահվան հավանականությունից: Նրա մոտ ստացվեց կրկին հանել տաբատս և ոտքերիցս քարշ տվեց տան մոտ, հետո նա հանեց նաև իր տաբատը՝ միևնույն ժամանակ ինձ բռնելով, և պառկեց ինձ վրա: Ես չէի կարողանում շարժել ոտքերս, բայց ձեռքերիցս մեկն ազատ էր: Երբ ես տեսա, թե ինչպես է նրա առնանդամն ինձ մոտենում, ես այն բռնեցի և ոլորեցի: Նա թուլացավ և այլևս չկարողացավ ինձ պահել:
Ես հագա տաբատս: Մինչև ես ոտքի կանգնեցի, նա նույնպես արագ ոտքի կանգնեց, բռնեց մազերս և դեմքս մոտեցրեց իր մերկ առնանդամին և շարունակեց գլուխս տարուբերել իր անդամի դիմաց: Դա զզվելի էր: Նվաստացուցիչ:
Հետո նա կրկին ասաց, որ այս ամենը վերջացավ և ես ձայնս կտրեմ, որովհետև մենք քայլելու ենք դեպի գյուղ: Ես դողում էի և տարածություն էի պահում նրանից: Ես էլ չփորձեցի փախչել: Նա նորից փորձեց ինձ գցել գետնին և համբուրել. նա ինձ հետ խաղ էր անում, ինչպես կատուն մկան հետ: Մենք քայլեցինք դեպի իմ հեծանիվը: Ես հույս ունեի օգնություն խնդրել, երբ մենք մոտեցանք տներին: Գյուղում ես մի-փոքր հանգստացա, որովհետև ինձ ավելի ապահով էի զգում: Ես մտածում էի, որ եթե նա նորից փորձի, ինչ-որ մեկն օգնության կգա:
Ես վազեցի, մտա բաց բակերից մեկը և օգնություն խնդրեցի, բայց մարդիկ կասկածամիտ էին և մերժեցին ինձ ապաստանել. նրանք ասում էին, որ դա ճիշտ չի, որովհետև Հայաստանում նման բաներ տեղի չեն ունենում: Ես վերադարձա փողոց՝ սրտխփոցիս աղմուկով լցված: Ես երկրորդ անգամ փորձեցի օգնություն խնդրել: Բայց մի տարեց մարդ ագրեսիվ կերպով ասաց, որ եթե ես խնդիր ունեմ, ես պետք է ոստիկանություն գնամ: Երբ ես նրան ասացի, որ չգիտեմ, թե դա որտեղ է, նա ասաց, որ զանգեմ: Ես նրան խնդրեցի զանգել, որովհետև ես հեռախոս չունեի: Բայց նա պարզապես ասաց, որ անհապաղ հեռանամ: Ես գնացի: Եվ ես նորից նրան հանդիպեցի. նա իմ հեծանիվն էր քշում և վիրավորական բառեր էր բղավում իմ հասցեին:
Հետո նա զանգեց և կանչեց իր ընկերներին, որ սրանք մեքենայով գան: Ես գիտեի, որ պետք է ամեն ինչ անեմ, որ հասցնեմ փախչել, մինչև նրա ընկերները կգան: Մենք քայլում էինք մեծ ճանապարհով, և ես առաջին անցնող մեքենան կանգնեցրի: Մեքենայի միջի երիտասարդները բռնարարին անունով ողջունեցին, և նա նրանց ճանապարհեց: Ես հաջողացրի մեկ այլ մեքենա բռնել, նստեցի այդ մեքենան, մինչև մեկ այլ մեքենա, որում նրա ընկերներն էին, կանգնեց: Ես խնդրեցի վարորդին օգնել ինձ և հեռու տանել այս մարդկանցից: Այդ պահին մեկ այլ մարդ նստեց մեքենան: Նրանք ինձ ստիպեցին իջնել մեքենայից, և հանցագործի ընկերներից մեկը խոստացավ վերադարձնել հեծանիվս, որն այդ պահին նրա մոտ էր: Նա այն ինձ տվեց, և ես տուն քշեցի:
Երբ տուն եկա, մութ էր, նրանք մոմի լույսի ներքո պատշգամբում շախմատ էին խաղում՝ առանց ենթադրելու, թե ինչ սարսափի միջով էի անցել քիչ առաջ: Ես գնացի քնելու՝ հույս ունենալով, որ կարթնանամ առանց այս միջադեպի գիտակցման:
Հաջորդ օրը ես մղձավանջից դեռ չէի արթնացել: Ես գնացի ոստիկանություն, որպեսզի հայտնեմ բռնաբարության փորձի մասին: Հետաքննությունն սկսվեց: Քանի որ ես նրան լավ էի նկարագրել և հիշում էի այն անունը, որով նրա ընկերները դիմում էին իրեն, նաև նկարագրեցի այն վայրը, որտեղ դա տեղի էր ունեցել, ոստիկանները նույն օրը նրան բերեցին բաժանմունք ինքնությունը հաստատելու համար: Նա նախորդ օրվա հագուստով էր: Այժմ նա կալանավորված է և սպասում է դատարանի վերջնական վճռին:
Իմ երկրում կան օրենքներ զոհին՝ հատկապես սեռական բռնության, պաշտպանելու համար: Մեզ մոտ ցուցմունքը մեկ անգամ է տրվում և ձայնագրվում, և զոհը ստիպված չի լինում առերեսվել բռնարարի հետ:
Ես գիտեմ, որ ուժեղ եմ և կարողանում եմ ինձ պաշտպանել, բայց ես չկարողացա պաշտպանել իմ արժանապատվությունը: Ես ինձ թույլ եմ տվել շատ լաց լինել: Ես միայն ինձ համար չէի լալիս, համբերության բաժակը լցվել էր. սեռական բոլոր բռնություններն իմ նկատմամբ, վերջին ամիսների ընթացքում, անհավասարության նկատմամբ հասարակության կուրությունը: Ես լալիս էի բոլոր այն կանանց համար, ովքեր ստիպված են նույն բանի միջով անցնել, և երջանիկ եմ, որ դա ես էի, այլ ոչ մեկ ուրիշը, ով բավարար ուժ չէր գտնի արտահայտվելու և ազատագրվելու այս դեպքից:
Ես լի էի զայրույթով և ուժով՝ պայքարելու, որ լինի արդարություն և կանանց համար արդար հասարակություն: Եթե մարդիկ լռեն, ոչինչ այդպես էլ չի փոխվի: Հիմա Հայաստանում հասկացել են, որ իրենց ձայնը կարող է լսելի լինել: Բայց մենք պետք է լսենք կանանց ձայները: Կանա՛յք, դուք մենակ չեք: Մենակ չես․․․
Չորեքշաբթի երեկոյան ցույցերից հետո /Պատմություն I/
Չորեքշաբթի երեկոյան ցույցերից հետո վերադառնում էի տուն Հանրապետության Հրապարակից: Իմ տունը շատ մոտ է գտնվում Հրապարակին, պետք է 10 րոպե քայլեի տուն հասնելու համար: Որոշեցի մենակ քայլել, քանի որ չէի ուզում, որ այն տղան, ում հետ ես գնացել էի ցույցի ինձ ուղեկցեր տուն: Ես չէի ցանկանում հայտնվել նրա հետ դռան առջև մի իրավիճակում, որ նա փորձեր համբուրել ինձ կամ մեկ այլ բան: Ես որոշեցի գնալ մի ճանապարհով որը ինձ ծանոթ չէր, քանի որ ես սիրում եմ քայլել փողոցներով գիշերով: Ես համոզված չէի` այս ճանապարհը դեպի իմ տան փողոց դուրս գալիս է, թե ոչ, բայց մի տղա կար կանգնած այդ ճանապարհի սկզբում, ով իմ հայացքներին դեպի ճանապարհի վերջ գլխով հաստատեց, որ այդտեղ ճանապարհ կա, և ես քայլեցի այդ կողմ: Ես մտածեցի, որ նա ուզում է ինձ ճանապարհը ցույց տալ, բայց նա սկսեց իմ հետևից գալ: Այս իրավիճակը ինձ զարմացրեց, ես չհասկացա՝ ինչու ես շարունակեցի: Միգուցե ես ցանկանում էի ամեն տեղ ինձ ապահով զգալ, չէի ուզում մտածել, որ ինչ ֊ որ մեկը կարող է ինձ մոտ անապահովության զգացողություն առաջացնել:
Ակնհայտ ենթադրելով, որ իմ դեղին մազերով ես Հայաստանից չեմ, նա փորձում էր իմանալ, թե որտեղից եմ ես: Ես չեմ խոսում հայերեն, բայց նա սկսեց տարբեր երկրների անուններ տալ՝ փորձելով պարզել, թե որտեղից եմ ես: Ես ասացի, որ Գերմանիայից եմ, բայց արեցի դա վանող կերպ: Մենք հասանք փողոցի մութ հատված, որտեղ ճանապարհը նեղ էր և միայն քայլելով կարելի էր անցնել: Այնտեղ չկար լույս, և չկային մարդիկ: Նա մոտեցավ ինձ: Ես շրջվեցի, որպեսզի փորձեմ ետ հրել նրան ձեռքերով: Ես բղավում էի, որ ձեռքերը քաշի ինձանից: Հանկարծ նա հայտնվեց իմ ետևում, սկսեց փակել իմ բերանը, որպեսզի ես այլևս չկարողանամ բղավել: Իմ ամբողջ մարմինը լարվել էր: Ես հարվածեցի նրա ձեռքին այնքան ուժգին, որքան կարող էի: Հետո նա հայտնվեց իմ առջև և փորձում էր բռնել ինձ: Բայց ես կարողացա բղավել և սեղմեցի իր կոկորդը: Նրա ձեռքերը իմ տաբատի մեջ էին: Հանկարծ նա բաց թողեց ինձ, հարվածեց հետույքիս քանի ես փախչում էի: Ամենայն հավանականությամբ նա վախեցավ, որ ինչ ֊ որ մեկը կգա ինձ օգնելու, սակայն ոչ ոք այդպես էլ չմոտեցավ ինձ: Միգուցե նա նաև զգաց, որ ես ուժեղ եմ և այդքան էլ հեշտ չէ ինձ բռնաբարել: Իմ 50 կգ քաշով ես ընկալվում եմ որպես թույլ աղջիկ, բայց ես շատ եմ մագլցում, ինչը ինձ բավական ուժ էր տվել այս իրավիճակում դիմադրելու համար:
Առաջին ցայտաղբյուրի մոտ լվացի դեմքս, որպեսզի ազատվեմ նրա քրտնած ձեռքերի աղոտ համից: Ես չէի կարող լվանալ նրա ձեռքի՝ դեմքիս թողած զգացողությունը, մի քանի օր ցավացրեց:
Մի քանի ժամերի ընթացքում ես դեռևս զգում էի ադրենալինը: Շփոթեցնող էր այն, որ ինձ այդքան լավ էի զգում: Սովորաբար մարմինդ զգում ես, երբ ինչ ֊ որ մի բան ցավեցնում է, բայց ես զգում էի իմ ամբողջական մարմինը, որ ոչ մեկը չէր ցավացնում այն, և որ ես ինքնուրույն բավական ուժեղ էի մարմինս պաշտպանելու համար:
Իմ մոտիկ ընկերները և ընտանիքը հեռու են, և որպեսզի նրանց չանհանգստացնեմ, նրանց ասացի, որ լավ եմ, որ դա ինձ ավելի ուժեղ դարձրեց: Որոշ առումներով դա ուժեղացրեց, իսկ որոշ առումներով՝ ոչ: Այնուամենայնիվ, սկզբում ես հավատում էի իմ սեփական խոսքերին: Բայց մի քանի օր անց, իմ ոտքերը ինձ հետ տարան նույն այդ տեղը: Ես պետք է նստեի այնտեղ որոշ ժամանակ, որպեսզի հասկանայի, թե ինչ տեղի ունեցավ: Զգացումը, որ ես ամենուր ապահով եմ, այլևս ճիշտ չէ: Երեկոյան վերադարձա ընկերոջս հետ: Սովորաբար ես չեմ ծխում, ես ծխեցի մի ծխախոտը մյուսի հետևից, մինչև տուփը դատարկվեց, որպեսզի սթրեսի մակարդակն իջեցնեմ:
Հիմա ինձ նայող յուրաքանչյուր տղամարդ վախեցնում է ինձ: Երեկոյան, երբեմն մենակ եմ տուն քայլում, բայց հիմա ես ընտրում եմ մարդաշատ փողոցները: Մի երեկո, մի տղա մոտեցավ ինձ ու հարցրեց, թե արդյոք օգնության կարիք ունեմ: Ես ասացի, որ պարզապես տուն եմ գնում, և նա հարցրեց, թե կարո՚ղ է ինձ ուղեկցել: Երբ ես ասացի ոչ, նա սկսեց քննարկելը:
Մենք ընդամենը մի քանի մետր էինք հեռու այն վայրից, որտեղից ես պետք է թեքվեի դեպի իմ մութ բակ: Ես ուզում էի ասել նրան, որ անհարգալից է իմ կարծիքը հաշվի չառնելը: Եվ անխելքություն է խոսել աղջկա հետ գիշերվա կեսին՝ հուսալով, որ նա բարեհամբույր կլինի: Որ ես երբեք ոչ մեկի, ով ինձ հետ այսպես է խոսել փողոցում, հմայիչ չեմ համարել: Բայց ես չէի կարողանում, ես դժվարությամբ էի շնչում, որովհետև խուճապի էի մատնված: Միգուցե սա մեկ այլ գիշերվա տղա՞ էր: Միգուցե նա նու՞յնպես կփորձի բռնաբարել ինձ: Երբ նա տեսավ իմ դեմքը, նա դադարեցրեց ինձ հետևելը:
Ես գիտեմ, որ դա այդքան էլ հավանական չէ, այդպիսի իրավիճակում նորից հայտնվել: Եվ այս տղան չարեց դա, նա չբռնաբարեց ինձ: Բայց այնուամենայնիվ, նա խլեց իմ հանգստությունը, իմ անվտանգության զգացումը, իմ գեղեցիկ զբոսանքները մթության մեջ, դատարկ փողոցներում: Եվ քանի որ ես չեմ հիշում իր դեմքը, ես վախում եմ հանդիպել նրան նորից՝ առանց դա նկատելու:
Շատ մարդիկ զարմանում էին, երբ պատմում էի նրանց՝ ասելով, որ նմանատիպ բաները շատ հազվադեպ են պատահում Հայաստանում: Ես շատ մեծ աջակցություն ստացա: Մյուս կողմից էլ իմ պապիկն ինձ ասաց, որ աղջիկները չպետք է գիշերով մենակ լինեն փողոցներում՝ նշելով, որ դա ինչ ֊ որ առումով իմ սխալն էր: Ոստիկանությունում, եղելությունը ամենաքիչը մի տասը անգամ պատմելուց հետո, նրանք անկեղծորեն հարցրին, թե արդյոք ես վստա՞հ եմ, որ նա ուզում էր ինձ բռնաբարել: «Միգուցե նա պարզապես ուզում էր գողանալ ինչ ֊ որ մի բան»: Կարծես նրանք ընդհանրապես չէին լսում: Նա չփորձեց գողանալ իմ ուսապարկը կամ կողոպտել գրպաններս: Միակ բանը, որ նա կպնում էր, իմ մարմինն էր, միակ տեղը, որ նրա ձեռքերը մտան, իմ տաբատն էր: Ըստ նրանց նա ի՞նչ էր ուզում գողանալ, իմ հետու՞յքը:
Այս դեպքը ինձ ստիպեց շատ բաների մասին մտածել: Ինչու՞ պետք է հիմնականում կանայք վախենան բռնաբարությունից: Ինչու՞ են միայն կանայք սեռական բռնության ենթարկվում: Իհարկե, պատճառը հայրիշխանությունն է իր բոլոր հետևանքներով: Սա առաջին անգամն էր, երբ մարմնիս վրա զգացի, թե ինչ է այս վերացական բառը նշանակում: Բայց ես դա հեշտ չեմ ընդունում, շարունակելով ապրել, կարծես ոչ մի բան տեղի չի ունեցել։ Ես չեմ ընդունի օբյեկտ լինելու հանգամանքը, միայն արտաքինով ընկալվելը, բնութագրվել այնպիսի բնորոշիչներով, ինչպիսիք են թուլությունը և կախվածությունը: Մենք՝ որպես կին, սուբյեկտներ ենք, կարող ենք գործել, խոսել, զգալ, ապրել անկախ: Մենք տղամարդու կարիք չունենք, որպեսզի մեզ ասի, որ մենք գրավիչ ենք, ունակ ենք, արժանի ենք ինչ ֊ որ մի բանի: Եվ ոչ մի տղամարդ չի կարող մեզանից խլել մեր