Միֆեր

Միֆ_ Հաճախ երեխաները երևակայում են իրենց նկատմամբ կատարված սեռական բռնության մասին:

Իրականություն_ Ծնողները սովորաբար չեն հավատում երեխաների պատմածներին սեռական բռնության մասին, քանի որ համոզված են, որ նրա պատմածներն երևակայության արդյունքն է. հարկավոր է ընդգծել, որ հնարավոր է հեշտությամբ տարբերակել երեխայի պատմածը երևակայության արդյունք է, թե իրականություն. երեխան չի կարող երևակայել սեռական ակտ, մանրամասն պատմել/նկարագրել իր նկատմամբ կատարված գործողությունները, դրանց հաճախականությունը և այլն:  Ավելին երեխային չլսելու և  չհավատալու պարագայում հաճախ են դեպքերը, երբ երեխան լռում է և ոչինչ այլևս չի պատմում ծնողներին:

Միֆ_ Երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառող անձը/բռնարարը չի կարող լինել ընտանիքի անդամ:

Իրականություն_ Ցավոք, երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրագործողներից լինում են նաև երեխայի հետ արյունակցական կապի մեջ գտնվող մարդիկ. այս երևույթը, մասնագիտական գրականության մեջ հայտնի է որպես ինցեստ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սեռական բռնության ենթարկված երեխաների 24-30%-ը բռնության ենթարկվում են տանը իրենց ընտանիքի կամ մտերիմ ազգակցական կապի մեջ գտնվող անձանց կողմից: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը անմասն չի մնում այս խնդրից և մեր երկրում ևս կան դեպքեր:

Միֆ­_ Բռնարարները տուժողներին անծանոթ մարդիկ են, որոնք երբևէ նախկինում առնչություն չեն ունեցել միմյանց հետ:

Իրականություն_ Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնարարները հիմնականում ծանոթներ են տուժողների հետ, նախկինում ունեցել են որևէ տեսակի առնչություն միմյանց հետ: Ըստ «2015-2016թթ. սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների ու դրանց վարույթի առանձնահատկությունները» հետազոտության, որը կատարվել է ՀՀ Քննչական կոմիտեի և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի համագործակցության արդյունքում, 2016 թվականին բռնարարների 82%-ը ծանոթ է եղել տուժողին:

Միֆ_ Կինը, որը ենթարկվում է բռնաբարության, կարող է ազատվել  իր բռնարարից, եթե ամբողջ ուժով պայքարի:

Իրականություն_ Կինը, ով ենթարկվել է սեռական բռնության, անհամաձայնության  ոչ մի գործողություն  կարող է չկատարել, քանի որ կարող է գտնվել հուզական այնպիսի լարված վիճակում, որը մասնագիտական գրականության մեջ հայտնի է <<հոգեբանական քարացում>> տերմինով:

Միֆ_ Բռնաբարությունը հազվադեպ հանդիպող հանցագործություն է ամբողջ աշխարհում:

Իրականություն_ Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնաբարությունը տարածված հանցագործություն է և կարող է տարբեր երկրներում տարբեր դրսևորումներ ունենալ, օրինակ, 100.000 կանանց կտրվածքով ԱՄՆ-ում տարեկան 36 բռնաբարության դեպք է գրանցվում, Թուրքիայում՝ 14, Ճապոնիայում՝ 12 դեպք է գրանցվում:

Միֆ_ Բռնաբարության ենթարկված անձը վերադառնում է նորմալ կյանքի մի քանի շաբաթ անց:

Իրականություն_ Բռնաբարությունից հետո տուժողը անցնում է մի շարք փուլեր՝ մերժման փուլ, բախման փուլ, հարմարման փուլ, հաղթահարման փուլ և փուլերից յուրաքանչյուրը կարող է տարբեր տևողություն ունենալ /մի քանի օր, մի քանի ամիս, մի քանի տարի/:

Միֆ_ Կինը չի կարող բռնաբարվել իր ամուսնու/զուգընկերոջ կողմից:

Իրականություն_ Ըստ համաշխարհային վիճակագրության ամեն 3-րդ կին, ով ենթարկվում է ընտանեկան բռնության, ենթարկվում է նաև սեռական բռնության ամուսնու/զուգընկերոջ կողմից:

Միֆ_ Բռնաբարություն կարող է համարվել միայն առնանդամի միջոցով հեշտոցամուտք ստիպողական սեռական հարաբերությունը:

Իրականություն_  Բռնաբարություն կարող է համարվել  ինչպես առնանդամի,  այնպես էլ որևէ առարկայի կամ մարմնի այլ մասի միջոցով ստիպողական սեռական հարաբերությունը՝ գենիտալ, օրալ կամ անալ ճանապարհով: