Select Page

ՍԲ տրավմա

Տրավմատիկ են համարվում այն իրադարձությունները, որոնք գերազանցում են օրգանիզմի հարմարման սովորական կարողությունները, և ներառում են մարդու կյանքի և ֆիզիկական ամբողջականության նկատմամբ վտանգ․ առավել տարածված գործոնները, որոնք կարող են բերել կամ բերում են հոգեբանական տրավմայի առաջացմանը, համարվում են՝ հանկարծակի հարձակումը, բռնաբարությունը, պատերազմը, բնական աղետները և այլն:

Սեռական բռնությունը բազմաթիվ հետևանքներ է թողնում բռնության ենթարկված անձի հոգեկան առողջության վրա: Սեռական բռնության հետևանքները հոգեկան առողջության վրա կարելի է բաժանել կարճատև, միջին և երկարատև հետևանքների: Սեռական բռնության հոգեբանական հետևանքները դրսևորվում են հուզական, վարքային, կոգնիտիվ մակարդակներում:

Սեռական բռնության ենթարկված անձի հիմնական հուզական ռեակցիաներն են՝ վախ /վախ իրավիճակներից, որոնք կարող են հիշեցնել սեռական բռնությունը, վախ՝ սեռական բռնության արդյունքում առաջացած բժշկական և սոցիալական հետևանքներից/, տագնապ, տառապանք, դեպրեսիա, ամոթի և մեղքի զգացում, ապաթիա:  

Կոգնիտիվ ախտանիշներն են կրկնողության համախտանիշը և իրավիճակը նորից վերապրելու տպավորությունը, որ դրսևորվում է ֆլեշբեքերով՝ (ֆլեշբեքերի պարագայում սեռական բռնության ենթարկված անձը այնպիսի զգացողությունն է ունենում կամ այնպիսի վարք է ցուցաբերում, ասես տրավմատիկ իրողությունը հենց այդ պահին է կատարվում). հիմնականում դրսևորվում են տեսողական «առկայծումների» տեսքով, բայց կարող են լինել նաև հոտառական և լսողական: 

Սեռական բռնության ենթարկված անձանց մոտ հաճախ հանդիպում են հիշողության խնդիրներ՝ տրավմատիկ ամնեզիա՝ չեն հիշում դեպքի հետ կապված մանրամասներ կամ ամբողջությամբ կատարվածը մոռանում են, և հակառակ դրսևորումը՝ տրավմատիկ հիպերմնեզիա՝ ամեն ինչ հիշում են ամենայն մանրամասնությամբ, դետալներով, և կարող են ունենալ նոր ինֆորմացիա հիշելու դժվարություններ: 

Մյուս տարածված ախտանիշը դիսոցացիան է. դիսոցացիան նորմալ ռեակցիա է տրավմատիկ իրողությանը և սեռական բռնության դեպքում հաճախ հոգեբանական «քարացման» հետ է նույնացվում: Առավել տարածված դրսևորումներն են՝ դեպերսոնալիզացիա, երբ սեփական անձի ընկալումը աղճատվում է. որոշ սեռական բռնության ենթարկված մարդիկ նշում են, որ իրենց մարմնից կարծես առանձնացված լինեն, կողքից են տեսնում/նայում իրավիճակին, դեռեալիզացիա, երբ առաջանում են շրջապատող իրականության ընկալման խնդիրներ. ընկալում է իր շուրջն առկա իրերը կամ մարդկանց որպես օտար կամ անծանոթ:  

Առավել տարածված ախտանիշներից է նաև շփոթվածությունը, որը հիմնականում դրսևորվում է ուշադրության կենտրոնացման դժվարություններով և տարածական կողմնորոշման խնդիրներով, տարրական գործողություններ կատարելու դժվարություններով: 

Վարքային ախտանիշներ. խուսափողական վարք, ցանկացած գրգռիչից, որ կարող է հիշեցնել տրավմատիկ իրողության մասին, գերգրգռվածություն՝ անընդհատ վտանգի սպասում, քնի խանգարումներ, ուտելու խանգարումներ, կախվածություն տարբեր նյութերից, հիգիենայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն՝ անընդհատ լվացվել կամ հակառակը, միջանձնային հարաբերություններում խնդիրներ, ինքնավնասման փորձեր, ինքնասպանության փորձեր, անհիմն ծիծաղ կամ լաց, հատկապես բացասական հույզերի հետ կապված պատմություններ պատմելիս, տանից դուրս գալ ու անհայտ ուղղությամբ կորել: 

Սեռական բռնության ենթարկված անձանց մոտ հաճախ հանդիպում են նաև ֆիզիոլագիական խնդիրներ, որոնք չունեն ոչ մի օրգանական հիմք, օրինակ՝ ցավեր հատկապես ստամոքսի շրջանում, մկանային ցավեր, գլխացավեր, նեյրովեգետատիվ ռեակցիաներ՝ սրտխփոց, արագացած սրտի աշխատանք, դժվարացած շնչառություն, առատ քրտնարտադրություն, սեռական դիսֆունկցիաներ՝ սեռական ցանկության բացակայություն կամ անկում, սեռական ցանկության ակտիվացում, վագինիզմ, մենստրուալ ցիկլի խնդիրներ, կարող են դիտվել նաև ձեռքի մկանների անշարժացում, խոսելու հետ կապված խնդիրներ: 

Հարկ է նշել, որ վերը նշված ախտանիշները անհատական բնույթ են կրում և դրանցից շատերը կարելի է դիտել Հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում (այսուհետ՝ ՀՏՍԽ): Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը ըստ DSM-5-ի ունի մի շարք հիմնական ցուցիչներ՝ որևէ տեսակի տրավմատիկ փորձի առկայություն, կպչուն ախտանիշներ, խուսափում տրավմա հիշեցնող գործոններից և իրավիճակներից, բացասական փոփոխություններ կոգնիտիվ մակարդակում և տրամադրությունում, գերգրգռվածություն, որոնցից յուրաքնաչյուրն ունի իր ախատանիշները և դրանց մեկ ամսից ավել կրկնվելու դեպքում ազդեցություն են ունենում անձի ադապտացիայի և հարմարման վրա: Ցավոք, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ սեռական բռնության ենթարկված անձանց 80%-ի մոտ ՀՏՍԽ առաջացման հավանականություն կա, ի համեմատություն, ընդհանուր տրավմատիկ կյանքի այլ իրողությունների, որոնք 24% են կազմում: 

Ռիսկի գործոնը աճում է մինչև 87%, եթե վաղ մանկության տարիներին անձը ենթարկվել է սեռական բռնության։ 

 

Ուղարկեք ձեր պատմությունը

    ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80