ՍԲ կարծրատիպեր
Հասարակության մեջ սեռական բռնության, բռնության ենթարկված անձի և բռնարարի վերաբերյալ կան բազում թյուր, բայց կարծրացած մտքեր ու կարծիքներ, որոնք իրականության հետ կարող են ոչ մի կապ չուենալ: Այլ կերպ ասած դրանք միֆեր/կարծրատիպեր են, որոնք առօրյա կյանքում մենք նույնպես հաճախ վերարտադրում ենք:
Միֆերը/կարծրատիպերը խանգարում են մեզ հասկանալու տեղի ունեցող երևույթները, տեսնել իրական պատկերը, սակայն նպաստում են բռնարարին արդարացնելու հարցում և հիմք են ստեղծում կատարվածի ողջ պատասխանատվությունը բռնության ենթարկված անձի վրա դնելու համար: Միֆերի/կարծրատիպերի թյուր լինելը ՍԲՃԿ մասնագետները կարող են փաստել իրենց շուրջ 16 տարվա աշխատանքային փարձառության ընթացքում կառույց դիմած և աջակցություն ստացած դեպքերով:
Հաճախ հանդիպող միֆեր
- Անհնար է սեռական բռնության ենթարկել կնոջը, ով համաձայն չէ:
Հաճախ այս մտքի առաջացման պատճառը «համաձայնություն» հասկացության վերաբերյալ մեր ոչ ճիշտ ու ոչ ամբողջական պատկերացումն է։ Կարևոր է հիշել, որ համաձայնությունը կողմերի միջև իրավիճակի, գործողության լիարժեք գիտակցումն է, փոխադարձ ցանկության առկայությունն ու վերբալ կամ ոչ վերբալ եղանակով այդ մասին հայտնելը։
- Իր վարքով հրահրել է բռնարարին:
Կարևոր է իմանալ, որ հանդիպման գնալը, կարճ կամ մարմինը ընդգծող հագուստ կրելը, ալկոհոլ օգտագործելը և նմանատիպ այլ գործողությունները չեն նշանակում, որ անձը համաձայն է սեռական հարաբերություն ունենալ։ Ավելին՝ այս կարծրատիպը բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում է բռնության ենթարկված անձի վրա:
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ բռնության է ենթարկվել անչափահասը, ապա համաձայնության մասին խոսելն անգամ անիմաստ է, չնայած հասարակությունը կարող է նույն կերպ վերաբերվելանչափահասին, ինչպես չափահաս կնոջը:
- Եթե ամբողջ ուժով դիմադրեր, ապա կազատվեր բռնարարից:
Սեռական բռնության պարագայում հաճախ սխալմամբ կարող ենք ենթադրել, որ եթե բռնության ենթարկված անձը չի դիմադրել, ուրեմն դեմ չի եղել գործողությանը: Կա նաև մեկ այլ մոտեցում, որ եթե չափահաս անձը ցանկանար դիմադրել, ապա կարող էր խուսափել կատարվածից:
Չնայած ընդունված կարծիքին, որ առաջին ռեակցիան նմանատիպ իրավիճակներում պետք է որ լինի «պայքարելը» կամ «փախչելը», սեռական բռնության պահին անձը հաճախ գտնվում է հոգեբանական «քարացման» իրավիճակում։ Այս դեպքում անձը ոչ մի գործողություն (հրել, բղավել, հարվածել, վազել, օգնություն կանչել եւ այլն) չի կարողանում կատարել։
Չդիմադրելու մյուս պատճառը բռնության ենթարկվող անձի կյանքի կորստի վախն է. սեռական բռնությունը խաթարում է մարդու անվտանգության եւ ապահովության զգացումը։ Դրանով պայմանավորված՝ բռնության ենթարկվելիս անձը կարող է չդիմադրել, որպեսզի բռնարարը զուգահեռ ֆիզիկական բռնություն չգործադրի իր հանդեպ, ու այդ կերպ ենթագիտակցաբար հնարավոր լինի «խուսափել ավելի վատ» հետևանքից՝ մահից:
- Սեռական բռնությունը հազվադեպ հանդիպող հանցագործություն է:
Սեռական բռնությունը լատենտային (քողարկված) բնույթ ունի։ Հաճախ բռնության ենթարկված անձինք չեն բարձրաձայնում դրա մասին՝ ունենալով մեղավորության զգացում և խուսափելով հասարակության քննադատական վերաբերմունքից: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ անձը ենթարկվում է բռնության, սակայն տեղյակ չէ, որ կատարվածը սեռական բռնություն է։
- Սեռական բռնությունը կատարվում է միայն դրսում և մութ վայրերում:
Սեռական բռնություն կարող է կատարվել ցանկացած վայրում և օրվա ցանկացած ժամի։ Քանի որ հաճախ բռնարարը ծանոթ անձ է, որպես հանցագործության վայր կարող են ծառայել բռնարարի կամ բռնության ենթարկվող անձի բնակարանը, աշխատավայրը, ընդհանուր վարձակալած տարածքը, մեքենան և այլ վայրեր, որտեղ նրանք կարող են գտնվել միասին։
- Բռնարարը միշտ անծանոթ է և չի կարող լինել ընտանիքի անդամ:
Որպես կանոն՝ բռնարարը լինում է ծանոթ՝ ընտանիքի անդամ, գործընկեր, զուգընկեր, հարևան, ընտանիքի բարեկամ և այլն. անձ, որի նկատմամբ բռնության ենթարկվածն ունի վստահություն:
- Սեռական բռնություն իրականացնողներն ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:
Այստեղ մի քանի կարծրատիպեր են գործում.
- Հոգեկան և/կամ մտավոր առողջության հետ կապված խնդիր ունեցող անձինք վտանգավոր են և բռնություն գործադրելու մեծ պոտենցիալ ունեն:
- Սեռական բռնություն կարող է գործադրել միայն Հոգեկան և/կամ մտավոր առողջության հետ կապված խնդիր ունեցող անձինք, քանի որ նրանք ունեն գիտակցության ցածր մակարդակ և չեն կարող վերահսկել իրենց գործողություններն ու ցանկությունները:
Այդ կերպ հասարակությունը փորձում է որևէ կերպ «բացատրել կամ արդարացնել» սեռական բռնության երևույթը, քանի որ կա կարծիք, որ «նորմալ» մարդիկ չեն կարող նման գործողություններ կատարել:
Կարող են լինել դեպքեր, երբ սեռական բռնության ենթարկող անձն ունենա հոգեկան առողջության խնդիր, սակայն դա չի նշանակում, որ բռնություն գործադրող բոլոր մարդիկ ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիր։
- Բռնարարներն անկիրթ և/կամ սոցիալապես անապահով մարդիկ են:
Որոշ դեպքերում նշվածը կարող է համապատասխանել իրականությանը, սակայն իրական պատկերը ցույց է տալիս, որ բռնություն են իրականացնում եւ գիտակցության բարձր աստիճան ունեցող և ֆինանսական կայուն վիճակում գտնվող մարդիկ: Այլ խոսքերով՝ տնտեսական կարգավիճակը և կրթության աստիճանը որոշիչ հանգամանքներ չեն, քանի որ սեռական բռնություն գործադրելը սեռական ցանկություն բավարարելու, իշխանություն հաստատելու, ճնշելու նպատակ ունի:
- Եթե բռնության ենթարկված անձը հաճույք է ստացել սեռական գործողությունից, ապա դա բռնություն չէ:
Քանի որ սեռական գործողությունն ունի ֆիզիոլոգիական բնույթ, ապա գործողության ժամանակ ֆիզիկապես սեռական օրգանները կարող են գրգռվել եւ արական սեռի, եւ իգական սեռի անձինք կարող են հաճույք ստանալ, որը զուտ կենսաբանական հետեւանք է եւ չի փոխում բռնության հանգամանքը: Այս երևույթին կարելի է հանդիպել անչափահասի նմատմամբ սեռական բռնության դեպքերում, հատկապես երբ երեխան չի գիտակցում իր հետ կատարվող գործողությունների հանցավոր բնույթը:
- Կինը չի կարող սեռական բռնության ենթարկվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից:
Քանի որ ընդունված է համարել, որ ամուսինների միջև սեռական գործողությունը պարտադիր պայման և ամուսնական պարտավորություն է, ամուսնական բռնաբարությունը կամ զուգընկերոջ կողմից բռնաբարությունը լուրջ չի ընկալվում, և համարվում է, որ կինն անկախ ցանկությունից պարտավոր է սեռական հարաբերություն ունենալ ամուսնու կամ զուգընկերոջ հետ: Մինչդեռ իրականում ցանկացած սեռական գործողություն պետք է լինի անձի կամքով, հակառակ պարագայում մենք խոսում ենք սեռական բռնության մասին։
Ցավոք, սեռական բռնության վերաբերյալ միֆերը կամ կարծրատիպերը այսքանով չեն սահմանափակվում, դրանք տարբեր են, կան բոլոր հասարակություններում, որոնց մասին բարձրաձայնելն ու դրանց՝ իրականության թյուր կապը շեշտելը կարևոր է բռնությունից պաշտպանելու և բռնության ենթարկված անձին էլ ավելի չզոհականացնելու համար: Եվ կարևոր է հիշել, որ սեռական բռնության դեպքում կատարվածում մեղավորը միայն բռնարարն է և նա պետք է կրի կատարվածի համար պատասխանատվություն:
Ուղարկեք ձեր պատմությունը