Select Page

Խորհուրդներ ծնողներին

Սեռական բռնությունից երեխային պաշտպանելու և սեռական բռնությունը կանխելու համար լավագույն միջոցը երեխային իր մարմնի անձեռնմխելիության և սահմանների մասին սովորեցնելն է: Սեռական բռնության կարող է ենթարկվել ցանկացած երեխա՝ անկախ սեռից և տարիքից, նրա ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից, նրա ծնողների կրթական մակարդակից, երեխան սեռական բռնության կարող է ենթարկվել ինչպես անծանոթ, այնպես էլ ծանոթ և վստահելի մարդու կողմից: 

Երբ ծնողը խոսում է երեխայի հետ նրա մարմնի սահմանների, թույլատրելի և անթույլատրելի հպումների, ովքեր են այն վստահելի անձինք ում թույլատրելի է երեխային հպվել խնամքի իրականացման նպատակով, նա հասնում է երկու նպատակի. Առաջին՝ երեխան սովորում է իր մարմնի սահմանները, երկրորդ՝ երեխան հասկանում է, որ ծնողի հետ կարելի է խոսել, եթե նրա մարմնի սահմանները վտանգված լինեն: 

    Կարևոր է երեխայի հետ խոսել մարմնի այն 4 մասերի մասին, որոնք կարող են վտանգի տակ լինել՝ բերան, կրծքեր, հետանցք և սեռական օրգաններ: Երեխային պետք է բացատրվի, որ ոչ ոք իրավունք չունի դիպչել իր մարմնի այս 4 մասերին, և երեխան նույնպես չպետք է դիպչի մյուս անձի մարմնի այս մասերին: Մարմնի մասին խոսելիս պետք է նաև երեխային բացատրեք «թույլատրելի» բացառությունները՝ երբ, ինչ հանգամանքներում և ով կարող է դիպչել իր մարմնի այս 4 մասերին:

    Օրինակ, կարող եք երեխային բացատրել, որ դա կարող է անել նրան լողացնող ծնողը, մասնավորապես՝ մայրը, հայրը, տատիկը (թվարկեք այն անձանց, ովքեր իրականում կատարում են այս խնամքի պարտականությունը): Դա կարող է լինել բժիշկը, եթե երեխան ունի առողջական խնդիրներ՝ կապված մարմնի այս մասերի հետ (ծնողը պետք է նախապես խոսի երեխայի հետ այս մասին) և այլն: 

    Հաճախ, երեխան չի պատմում իր հետ կատարված սեռական բռնության մասին և դա ունի իր պատճառները․

    1. Նա չի տարբերում սեռական բռնության նշանները: Երեխաների հետ կատարվող սեռական բռնությունը հիմնականում լինում է ծանոթ մարդկանց կողմից, ովքեր ճանաչում են երեխայի ընտանիքի անդամներին, ընտանիքի սովորույթները, իրազեկվածությունը մարմնի անձեռնմխելիության մասին: Սեռական բռնությունը կարող է իրականցվել խաղերի միջոցով, որպեսզի երեխան չկարողանա տարբերել սեռական բռնության նշանները: 
    2. Սեռականության մասին խոսելու «ամոթը»: Այսօր ՀՀ-ում սեռականության մասին շատ ծնողներ չեն խոսում երեխաների հետ և եթե երեխայի հետ կատարվում է անգամ սեռական բռնության նման բացասական երևույթ, նա ամաչում է խոսել այդ մասին ծնողի հետ, կամ ուղղակի չգիտի ինչպես խոսել: 
    3. Հաճախ բռնարարին հայտնի են երեխայի վախերը: Վախերի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, բայց երբեմն դրանք առաջացնում են ծնողները և օգտագործում որպես պատժամիջոց: Բռնարարը նույնպես կարող է իմանալ և օգտագործել երեխայի վախերը: Հաճախ նրանք օգտագործում են նաև տարբեր սպառնալիքներ՝ օրինակ, սպառնում են վնասել կամ նույնը անել նաև ընտանիքի այլ երեխաներին:

    Երեխային պետք է անընդհատ ասել, որ ծնողները ամեն դեպքում վստահում են իրենց, հավատում են իրենց պատմությանը և միշտ կփորձեն օգնել ու պաշտպանել իրեն: Երբեմն մեզ թվում է, թե երեխան գիտի դա, քանի որ մենք՝ որպես ծնողներ, շատ բան ենք անում նրանց համար, բայց դա բառերով ամրապնդելը շատ կարևոր է: 

    Եթե երեխան որոշի խոսել սեռական բռնության մասին, ծնողը պետք է հիշի մի քանի կարևոր կետ՝

    • Լսիր նրան հանգիստ և համբերատար, առանց քննադատության, խուսափիր խուճապ, անհանգստություն կամ զայրույթ ցուցաբերելուց:
    • Օգնիր նրան պատմել կատարվածը, բայց մի ընդհատիր նրան հարցերով կամ եզրահանգումներով: Վստահեցրու երեխային, որ հավատում ես, որ նա մեղավոր չէ բռնության համար և որ դու կօգնես իրեն:
    • Վստահեցրու երեխային, որ սիրում ես նրան, որ ինքը կարևոր է քեզ համար և որ քո զգացմունքները անփոփոխ են:
    • Վստահեցրու երեխային, որ նա մեղավոր չէ իր հետ կատարված սեռական բռնության համար: 
    • Համոզված եղիր, որ երեխան անվտանգ է. հաճախ երեխաները ենթարկվում են սեռական բռնության մտերիմ կամ ծանոթ անձանց կողմից, ովքեր երեխայի շփման նեղ շրջանակում են:
    • Իրավապահ համակարգին դիմելուց առաջ խոսիր երեխայի հետ գործընթացի մասին, որպեսզի նա պատրաստված լինի, եթե անգամ իրականում չի պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում:
    • Իրավապահ համակարգին դիմելուց առաջ խոսիր երեխայի հետ գործընթացի մասին, որպեսզի նա պատրաստված լինի, եթե անգամ իրականում չի պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում:
    • Դիմիր օգնության մասնագիտացված կառույց, որտեղ երեխային և քեզ կտրամադրեն տեղեկատվություն իրավապահ համակարգին դիմելու գործընթացի վերաբերյալ, աջակցություն, ինչպես նաև կսովորեցնեն երեխային աջակցել՝ առանց վնասելու նրան:

    Ուղարկեք ձեր պատմությունը

      ԹԵԺ ԳԻԾ` 077 99 12 80