ԹԵԺ ԳԻԾ 0 8000 12 80 | 077 99 12 80

Համաձայնություն

Աշխարհի տարբեր երկրներում և տարբեր իրավիճակներում «համաձայնության» եզրույթը տարբեր կերպ է բացատրվում.  հենց դա էլ դարձնում է եզրույթը բավական դժվար ըմբռնելի և հաճախ դիտվում է որպես իրավաբանական եզրույթ: Միևնույն ժամանակ հարկավոր է ընդգծել, որ համաձայնության եզրույթի հասկացման համար իրավաբանական կրթություն ունենալը ամենևին էլ պարտադիր չէ և կարևոր է յուրաքանչյուրիս համար: Ի՞նչպես կարելի է սահմանել համաձայնությունը առհասարակ.

Համաձայնությունը՝ զուգընկերների/մասնակիցների միջև գիտակցված և ողջախոհ պայմանավորվածություն է սեռական ակտիվության մեջ կամավոր ներգրավվելու համար:

Կարևոր է իմանալ՝

  • Մի անգամ սեռական ակտիվության համաձայնություն տալը, դեռ չի նշանակում, որ զուգընկերը տվել է սեռական կոնտակտի համաձայնություն: Օրինակ, համբուրվելու համաձայնությունը դիմացինին թույլ չի տալիս ենթադրել, որ տվյալ անձը պատրաստ է նաև սեռական հարաբերություն ունենալ, կամ մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալը դեռ չի նշանակում, որ նա պատրաստ է դրան նաև ապագայում:
  • Զուգընկերը կարող է չեղարկել համաձայնությունը ցանկացած պահի, եթե զգում է անհարմարություն:
  • Ստիպողական համաձայնությունը դեռ չի նշանակում, որ զուգընկերը ստացել է համաձայնություն:
  • Առանց համաձայնության սեռական հարաբերությունը ստիպողական սեռական հարաբերություն է համարվում:
  • Լռությունը համաձայնություն չի կարող դիտարկվե:

Կան որոշ մարդիկ, ովքեր չեն կարող համաձայնություն տալ սեռական ակտիվության համար` ելնելով սահմանափակ կարողություններից, ալկոհոլի կամ թմրանյութերի կամ այլ նյութերի ազդեցության տակ գտնվելուց, տարիքային առանձնահատկություններից և այլն: Հաճախ կարելի է լսել պատմություններ, երբ բռնության ենթարկված անձը համաձայնություն տվել է վախից ելնելով, կամ գտնվել է հստակ սպառնալիքի ազդեցության տակ. սրանք համաձայնություն չեն կարող դիտարկվել:

Համաձայնությունը պարտադիր չէ, որ լինի վերբալ/բառային, այն սովորաբար կապվում է   զուգընկերների հաղորդակցման հետ: Համաձայնությունը պետք է ստանալ ամեն անգամ սեռական ակտիվության պարագայում: Այստեղ սակայն պետք է ուշադիր լինել, որպեսզի որպես ոչ խոսքային համաձայնության նշան չընկալվի համբուրվելը կամ այլ սեռական ակտիվություն:

Ի՞նչպես է դրսևորվում համաձայնություն ստանալու գործընթացը՝

Առողջ հարաբերություններ կառուցելու համար  կարևոր է խոսել զուգընկերոջ հետ անձնային սահմաններից և քննարկել սեռական ակտիվության հնարավոր սահմանները կամ ցանկություններն ու արգելքները: Օրինակ, համաձայնություն ստանալու գործընթաց կարելի է դիտարկել քննարկումը զուգընկերոջ հետ, արդյոք իրեն դուր է գալիս այս կամ այն սեռական ակտիվության տեսակը, արդյոք ինքը լավ է զգում այս պահին: Հաճախ համաձայնություն չտալը կարող է դրևսորվել ոչ թե բառով, այլ մարմնի լեզվի միջոցով, պասիվության կամ ակնհայտ ցանկություն չդրսևորելով մասնակից լինելու այս կամ այն սեռական ակտիվությանը: Ուստի, հարկավոր է ուշադիր լինել և հարգել ինչպես ինքդ քո, այնպես էլ դիմացինի սահմաններն ու կարևորել համաձայնությունը յուրաքանչյուր սեռական ակտիվությունում: